Լիլի - стр. 3
Լիլիթը ականջներին չէր հավատում։ Զարմանքից չկարողացավ նույնիսկ հակաճառել։ Վրեժը քանի գնում ավելի էր ոգևորում.
_Լիլի, սակայն ես շնորհակալ եմ այդ լակոտին… նա բացահայտեց այն որ իմ զգացմունքները ակնհայտ են նաև շրջապատողներին։ Դա թաքցնել անհնար է… սիրում եմ քեզ…
Մոտեցավ բռնեց Լիլիթի ձեռքը, ինչ երբեք չէր թույլ տվել իրեն։ Օրիորդը խլեց ափը։
_Ընկեր Ազնավուրյա՜ն… ի՞նչ եք թույլ տալիս ձեզ…
_Լիլի, մի մերժի… աղաչում եմ…
Օրիորդը անկախ իրենից ձեռքից գրքերը դրեց սեղանին ու բղավեց.
_Ընկեր Ազնավուրյան, բավական է, էլ չեմ դիմանում…
Ու արդեն կորցրած ինքն իրեն մի ամուր ապտակ հասցրեց դասախոսին։
Ազնավուրյանը շիկնեց։ Անսպասելի էր։ Ուղղեց ակնոցը, փողկապը, նյարդայնացած կտկտացրեց մատներով փայտե սեղանին։
_Կփոշմանես սրա համար…
_Փոշմանել եմ որ սկզբից չեմ արել…
_Լիլիթ ուշքի արի…
Դասախոսը մղվեց դեպի օրիորդը։ Բայց չհասցրեց մի բան ասել կամ անել ներս ընկավ Ֆելիքսը ու կանգնեց օրիորդի ու Վրեժի միջև։
_Ինքդ ուշքի արի,_սպառանգին ասաց նա։
Վրեժը սփրթնեց։ Այստեղ ոչ ոք չկար։ Ու Ֆելիքսը կարող էր իրեն հարվածել։
_Գնացինք,_Ֆելիքսը գլխով արեց օրիորդին։
Երկուսով դուրս եկան։
_Հետևու՞մ ես ինձ,_չհամբերեց Լիլիթը։
_Իհարկե… չեմ կարող գեղեցիկ աղջիկներին չհետևել…
Ժպտաց ու փոսիկներ հայտնվեցին այտերի վրա։
Այդ օրվանից նրանք մտերմացան։ Ազնավուրյանը մի քանի անգամ ևս փորձեց խոսել օրիորդի հետ իր զգացմունքների մասին, բայց ինչ որ միջադեպից հետո դադարեց։ Պարզվեց որ մի քանի հոգի բռնել ծեծել էին ու վախեցրել, թե հանկարծ մոտենա Լիլիթին շանսատակ կանեն իրեն։ Շուտով ի հայտ եկավ նաև այն որ նա կաշառակեր է, փող էր վերցնում գնահատականների համար ուսանողներից։ Այդպես էլ նրան հեռացրին աշխատանքից։
Լիլիթը ազատ շունչ քաշեց։ Ավելի մոտ ծանոթանալով Ֆելիքսի հետ ընդունեց նրան ինչպես ընկեր ու եղբայր, հարազատ մարդ ում հետ կիսում էր գանգատներն ու գաղտնիքները։ Բայց առաջին իսկ օրերից երիտասարդը բացահայտեց, որ անտարբեր չի իր նկատմամբ։ Ու աշխարհի բոլոր հնարավորությունները պիտի ձեռնարկի մինչև շահի օրիորդի սիրտը։ Լիլիթը ժպտում էր ու ծիծաղում։
_Երբեք նման բան չի լինի։ Ֆելո՛, դու փոքր ես ինձնից երկու տարով։ Ես քեզ նույնիսկ տղամարդու տեղ չեմ դնում։
Դա վիրավորում էր երիտասարդի ինքնասիրությունը, սակայն հույսը երբեք չէր կորցնում։ Նա համբերությամբ տանում էր Լիլիթի ծաղրն ու կատակները։ Անցավ երկար ժամանակ Ֆելոն կիսատ թողեց ուսումը գնաց բանակ։ Հաճախ զանգում էր Լիլիթին,պատմում բանակի կյանքից։ Երբ վերադարձավ՝ Լիլիթը տեսավ դիմացը ոչ թե տղա այլ տղամարդ։ Բայց իր համար մնացել էր նույն Ֆելոն։ Նկատում էր մյուս աղջիկների պահվածքը երիտասարդի ներկայությամբ։ Նրանց համար նա արդեն Ֆելիքս էր։ Զարմանում էր, ուշադիր նայում ընկերոջը։ Նույն բոյովն էր, ուղղակի մոդայիկ սափրածքով, բայց նույն անհնազանդ ու չսանրված մազերով։ Սակայն ավելացել էր մի լրջություն նրա աչքերի մեջ։ Ու քանի գնում այն ավելանում էր։ Մի օր ասաց.