Լիլի - стр. 2
Մի օր Լիլիթի առավել կոպիտ պատասխանից հետո, Ազնավուրյանը հարցերի տարափ էր բացել ուսանողների գլխին։ Եթե մինչ այս նրանք չէին փայլում գերազանց գիտելիքներով, ապա հիմա լրիվ մոլորվել էին։ Չէին հասկանում ի՞նչ է կատարվում։ Վերջապես մյուս կուրսից մեկը չհամբերեց.
_Ընկեր Ազնավուրյան, դուք Տուրգենևի «Մումուն» կարդացե՞լ եք։
_Ի՞նչ անիմաստ հարց, Ֆելիքս։ Դա ի՞նչ կապ ունի դասի հետ։
_Այն որ, սիրում էր, բայց խեղդեց…
_Ի՜նչ,_բղավեց Վրեժը։
Քար լռություն տիրեց լսարանում։ Լիլիթը հուզված դարձավ խոսողի կողմ։ Չսափրված, նաև չսանրված, հանդուգն կրակ աչքերում մի երիտասարդ էր։ Նա հանդիմանական հայացքով նայեց դասախոսին։
_Կրկնե՞մ,_գրիչը խաղացնելով հարցրեց տղան,_ ի՞նչ եք մտածում, ինչու՞ սպանեց Մումուին, չէ որ սիրում էր… մեղք է, չէ՞… վերջապես կենդանի արարած է՝ շնիկ… գուցե եթե մարդ լիներ ուրիշ ձև կվերաբերվեր,_մի պահ լռեց ու ավելացրեց._ սակայն երբեմն սիրող մարդն էլ սպանում… ինչպես… ինչպես ինչ որ մե՛կը ներկա եղողներից։
_Չհասկացա… ի՞նչ ես խոսում… դու՛… աչքերդ բաց թե ո՛վ է առաջդ կանգնած…
_Իմը լավ էլ բաց են…
Լիլիթի շունչը կտրվեց։ Աչքերը խոշորացան ու լցվեցին արցունքներով։ Սարսափած նայեց Ազնավուրյանի մոլեգնած դեմքին, ապա Ֆելիքսին։ Վրեժը կատաղած նայեց ուսանողներին, ապա վազեց մոտեցավ խուժանին.
_Դուրս անցի… կորիր գնա այստեղից…
Ուսանողները քարացած դիտում էին։ Ֆելիքսը ոտքի ելավ՝ պարզվեց որ բավական բոյով է։ Դիտմամբ հնարավորինս կամաց ու ծուլորեն սկսեց հավաքել իրերը։
_Արագացրու՛… դուրս անցի՛… աներե՛ս…
Ֆելիքսը բացեց պայուսակը մեկ -մեկ գցեց մեջ գրքերը, տետրերը, գրիչը, ապա դարձավ ընկերոջը.
_Մատիտս չե՞ս տեսել…
Կռացավ նայեց սեղանի տակ, չգտավ։
_Քեզ ասու՛մ եմ դուր՛ս կորի՛…
Վրեժը բռնեց երիտասարդի ձեռքը ու քարշ տվեց դեպի դուռը։
_Ձե՛ռքդ,_հրեց նրան Ֆելիքսը հազիվ զսպելով իրեն, որ չհարվածի։ Վերցրեց պայուսակը ու վրդովված դուրս եկավ։
Դուռը փակելիս Լիլիթը հանդիպեց նրա հայացքը։ Գեղեցիկ աչքեր ուներ երիտասարդը։
Վրեժը դասը չշարունակեց։ Ուսանողները անախորժ դեպքից հետո սուսուփուս հետևում էին ինչպես նա հապշտապ հավաքում էր գրքերը։
Լիլիթը համարյա վազում էր տուն։ Երբեք իրեն այսպես նվաստացած չէր զգացել։ Տանը ազատություն տվեց արցունքներին։ Զգացմունքները խառն էին։ Բարկությունը ամոթի հետ խառնվել էին։Իրեն համեմատեցին շան հետ, խայտառակ արեցին համակուրսեցիների առաջ։ Բայց և միաժամանակ շնորհակալ էր այդ գժին, որ վերջապես պատժեց Ազնավուրյանին։ Սակայն ի՛նչ է վաղը լինելու։ Ի՞նչ երեսով պիտի գնա համալսարան։
Հաջորդ օրը դասախոսը կանչեց իրեն կաբինետ, հրավիրեց նստել։ Լարված էր, սակայն աշխատում էր ծածկել հոգու խռովությունը կեղծ ժպիտի տակ։
_Լիլիթ, ուզում եմ խոսենք երեկվա կատարվածի մասին։
Լիլիթը լուռ էր։ Ուստի Վրեժը ավելի վստահ շարունակեց։
_Հավատում եմ, ոչ հաստատ համոզված եմ, որ դու մեղավոր չես երեկվա կատարվածի մեջ… այդ հաստագլուխ ապուշը անհարմար դրության մեջ դրեց քեզ… տեսա քո վրդովմունքը… դա ինձ կատաղեցրեց… հունից ելա… կյանքում ես շատ հանգիստ բնավորություն ունեմ…